Ռումյան Հովսեփյանը՝ բուլղարական «Արդայից» հեռանալու մասին (Լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հեռացել է բուլղարական «Արդայից»:
NEWS.am Sport-ի հետ զրույցում 28-ամյա կիսապաշտպանը պատմել է իր որոշման և կարիերայի բուլղարական փուլի մասին:
««Արդայի» հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ակումբի հովանավորները լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել: Այլ պատճառ չի եղել: Ես ինձ շատ լավ եմ զգացել «Արդայում», մասնակցել եմ թիմի բոլոր հանդիպումներին, մարզչական շտաբն ու ղեկավարները գոհ էին իմ խաղից:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արդային» այս տարվա համար, որն իմ կարիերայի համար դարձավ շատ կարևոր ու օգտակար: Բուլղարիայի առաջնությունում մրցելույթները կարող են դառնալ ցատկահարթակ այլ՝ ավելի ուժեղ առաջնություններ տեղափոխության համար:
Այժմ վերադառնում եմ Հայաստան, ցանկանում եմ որոշ ժամանակ հանգստանալ, չնայած կորոնավիրուսի համավարակի պայմաններում դա այդքան էլ հեշտ չի լինի (ծիծաղում է): Դեռ հստակ առաջարկներ չեմ ստացել: Շատ եմ ցանկանում կարիերաս շարունակել եվրոպական առաջնությունում»,- նշել է Ռումյան Հովսեփյանը:
2019/20 մրցաշրջանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Բուլղարիայի առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման: