«Բարսելոնայի» ղեկավարությունն աջակցություն է հայտնել Սետիենին
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն աջակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենին, տեղեկացնում է RAC1-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն այցելել են Սետիենի տուն և հայտնել նրան, որ ակումբը մտադրություն չունի պաշտոնանկ անել իսպանացի մարզիչին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սետիենը կլքի զբաղեցրած պաշտոնը, եթե ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» չդառնա Լա Լիգայի կամ Չեմպիոնների լիգայի չեմպիոն:
Սետիենը նաև խնդիրներ ունի «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ: Նրա մարզչական ոճից, մարտավարությունից, մեթոդներից եւ մամուլում արած մեկնաբանություններից դժգոհ են, մասնավորապես, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։
Սետիենը «Բարսելոնան» գլխավորել է հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Մարզիչի գլխավոր թեկնածուն համարվում է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Չավին։