Ստրասբուրգի նորընտիր հայ քաղաքապետն Արևմտյան Հայաստանում նկարահանվել է Ցեղասպանության մասին ֆիլմում (Տեսանյութ)
Ֆրանսիայի Ստրասբուրգի նորընտիր հայ քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը 2015 թվականին եղել է Արևմտյան Հայաստանում և նկարահանվել ֆրանս–գերմանական «Ճանապարհորդություն Անատոլիայում» ֆիլմում, որը պատմում է Հայոց Ցեղասպանության մասին և ցուցադրվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի հայտնի հեռուստաընկերություններով և կինոթատրոններում։
Ֆիլմը նկարելու մասին գաղափարը ծագել է ֆիլմի պրոդյուսեր Բեռնար Մանջանտեի մոտ, երբ նա իր հայ մտերիմի՝ թարգմանիչ Խաչիկ Տերտերյանի ուղեկցությամբ Նարեկավանք Տուրի հետ այցելել էր Արևմտյան Հայաստան, որից հետո նա իր տեսածից տպավորված որոշել է ֆիլմ նկարել Հայոց Ցեղասպանության մասին, որի նկարահանումներին հաջորդ տարի հրավիրել է մասնակցել հենց իր հետ նույն խմբում ճանապարհորդած հայ զույգի, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և Ստամբուլում ապրող այնպիսի անձանց, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից։
Ֆրանսիական Balibari WDR–ի ստուդիայի պրոդյուսեր Կլառա Վիլերմոսը ֆիլմի նկարահանմանը հրավիրում է նաև ֆրանսահայ հայտնի պատմաբան, Եվրոպայի հայտնի համալսարաններում դասավանդող Ռայմոնդ (Հարություն) Գևորգյանին։
Ֆիլմի նկարհանող կազմի եւ մասնակիցների ուղևորությունը դեպի Արևմտյան Հայաստան կազմակերպել է Նարեկավանք Տուր ընկերությունը։
Ֆիլմի սյուժեն հետևյալն է, որ Հայոց Ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր երկրներում հայտնվածները մի ավտոբուսով մեկնում են ճամփորդության Արևմտյան Հայաստան, որի ընթացքում մասնակիցները մեկը մյուսի հետ կիսվում են իրենց նախնիների հետ տեղի ունեցած ողբերգական պատմություններով։
Ֆիլմի մեջ մասնակցում են Ստրասբուրգից Ժաննա Բարսեղյանը, Բեռլինից հայտնի հայ երաժիշտ Ստեփան Գանտրալյանը, Հայաստանից հայտնի պլաստիկ վիրաբույժ Աննա Սարգսյանը և այլք։
Ֆիլմում երկխոսությունները մասնակիցների միջև և Արևմտյան Հայաստանում տեղացի քրդերի ու թուրքերի միջև տեղի են ունենում հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, թուրքերենով ու ռուսերենով, իսկ ֆրանսերենով ու գերմաներենով թարգմանությունը` ենթագրերով։
Այսինքն ֆիլմը հանգիստ կարող են դիտել նաև հայերեն իմացողները։