Ֆոնսեկա․ Ոչ մի արդարացում չկա մեր պարտությանը
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է «Միլանից» կրած 0։2 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղում։
«Առաջին խաղակեսում մենք լավ էինք խաղում, հավասարակշռված էինք գործում, վերահսկում էինք խաղի ընթացքը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից մոտ 10 րոպե հետո «Միլանը» սկսեց կիրառել պրեսինգ մեր խաղադաշտում, բայց իրական գոլային պահերին դեռ չէին հասնում։ Այն, թե ինչպես մենք նվիրեցինք հաղթանակը «Միլանին», հիշեցնում է «Սամպդորիայի» դեմ խաղում բաց թողած գոլը։
Իհարկե, բարդ է, երբ հաշվի մեջ հետ ես, իսկ «Միլանն» էլ լավ պատրաստված թիմ է։ Բայց նրանք գործնականում ոչինչ չստեղծեցին եւ աչքի ընկան միայն այդ երկու գոլային դրվագով։ Ինքներս հանձնեցինք խաղը, եւ ոչ մի արդարացում չկա մեր պարտությանը։
Առանցքային դեր խաղաց ֆիզիկական պատրաստությունը։ «Միլանը» գրեթե մեկ շաբաթ ուներ այս խաղին պատրաստվելու համար։ Վերսկսումից հետո սա նրանց երրորդ խաղն էր, մեր դեպքում՝ երկրորդն էր»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Ռոման» 48 միավորով 5-րդ տեղում է եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր պարգեւող չորրորդ տեղից («Ատալանտա») հետ է 9 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 10 տուր։