«Բենֆիկան» բանակցում է Մաուրիսիո Պոչետինոյի հետ
Լիսաբոնի «Բենֆիկան» ցանկանում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, որն անգլիական ակումբից հեռանալուց հետո դեռ չունի աշխատանք։
Պորտուգալական ակումբի նախագահ Լուիշ Ֆիլիպե Վիեյրան արդեն նախնական բանակցություն է ունեցել արգենտինացի մասնագետի հետ, հաղորդում է պորտուգալական Record-ը։
Եթե բանակցություններն արդյունավետ ավարտ ունենան Պոչետինոն կփոխարինի պորտուգալացի Բրունու Լաժեին, որի ղեկավարությամբ «Բենֆիկան» անցած տարի դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, իսկ ընթացիկ առաջնության 28 տուրից հետո 64 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Պորտուից»։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի անցած տարվա եզրափակիչում «Տոտենհեմը» Պոչետինոյի գլխավորությամբ հասավ եզրափակիչ եւ 0։2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ 2019թ․ նոյեմբերին նրան փոխարինեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։