Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել. խոսնակ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Alternativ.am կայքի հրապարակմանը:
«Alternativ.am կայքը, առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել»,-գրել է նա:
Ավելի վաղ կայքը գրել էր, որ հունիսի 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի՝ Վիկտոր Ենգիբարյանի եւ Հայկ Գեւորգյանի մոտ արդեն ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այս մասին հայտնում է Alternativ.am-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Նշվել էր նաեւ, որ կայքի հավաստի տեղեկություններով, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով: