Խաչատրյան քույրերը ծանոթացել են գործի նյութերին
Խաչատրյան քույրերը, նրանց պաշտպանները եւ տուժած կողմը ծանոթացել են աղջիկների հոր՝ ՄԻխային Խաչատրյանի սպանության գործի բոլոր նյութերին: Կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ քննչական մարմինը մտադիր է առաջիկայում գործն ուղարկել Գլխավոր դատախազություն:
«Աղջիկները եւ նրանց փաստաբանները, ինչպես նաեւ տուժած կողմը գործի նյութերին ծանոթանալն ավարտել են, որն առաջիկայում կուղարկվի Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու»,- ասել է պաշտպանը: Նրա խոսքով՝ ՔԿ-ն չի փոխել իր այն դիրքորոշումը, որ երկու ավագ քույրերը մեղավոր են կանխամտածված սպանության մեջ, իսկ կրտսերը պետք է ուղարկվի հարկադիր բուժման:
Քույրերի պաշտպանությունը, սակայն, պնդում է, որ լրացուցիչ քննությունը եւս մեկ ամգամ հաստատել է, որ նրանք իրենց կյանքն են պաշտպանել հոր ոտնձգություններից: «Գործը նախկինի պես բաժանված է, նախատեսված է Մարիայի վերաբերյալ դատարան ուղարկել ոչ թե մեղադրական եզրակացություն, այլ քրեական օրենքով արգելված արարքների որակավորման մասին որոշում՝ նախնական համաձայնությամբ անձանց խմբով սպանություն (ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մաս)»,- նշել է փաստաբանը: Նա հավելել է, որ գործը կազմված է ընդհանուր 28 հատորից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քույրերը ՄԱԿ կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին խնդրել էին դիմել ռուսական իշխանություններին՝ քրեական գործը քննելիս իրենց կրկնակի վնասվածք եւ դատավարական իրավունքների հետագա խախտում թույլ չտալու համար: Մեղադրյալների պաշտպանները հայտնել են, որ դրա համար պետք է քույրերի գործը քննել միայն համատեղ եւ հաշվի առնել, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում: Դա ապագայում կհանգեցնի քույրերի կրկնակի վնասվածքների, քանի որ նրանք ստիպված կլինեն նույն իրադարձությունների մասին պատմել երկու քրեական գործերի քննության ժամանակ, պարզաբանել է փաստաբան Վալենտինա Ֆրոլովան: Նրա խոսքով՝ Խաչատրյան ընտանիքի ողբերգությունը «բազմամյա բռնության եւ օրենքի բացակայության ուղիղ հետեւանքն է, որը թույլ կտար աղջիկներին ժամանակին պաշտպանել»:
Դուբրավկա Սիմոնովիչը կանանց նկատմամբ բռնության, դրա պատճառների եւ հետեւանքների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողն է: