The Rolling Stones խումբը սպառնացել է դատի տալ Թրամփին իր հանրահավաքների ժամանակ նրանց երգն օգտագործելու համար
The Rolling Stones բրիտանական խումբը սպառնացել է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր հանրահավաքներում նրանց երգերը հնչեցնելու համար, գրում է Rolling Stones պարբերականը։
«The Rolling Stones-ը ձեռնարկում է «հետագա քայլեր», որպեսզի կանխի Դոնալդ Թրամփի կողմից հանրահավաքների ժամանակ նրանց երաժշտության օգտագործումը այն բանից հետո, երբ նախագահի քարոզարշավի ժամանակ անտեսել են խմբի նամակները երգերի կատարումը դադարեցնելու մասին»,-նշվում է խմբի հայտարարության մեջ։
Դա, հնարավոր է, վերջին անգամ է, երբ Թրամփն օգտագործում է Ջագերի /Ռիչարդսի երգերից որեւէ մեկն իր քարոզարշավների ժամանակ, հայտարարել է խմբի ներկայացուցիչը։
Խմբի հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ նրանց իրավունքները ներկայացնող իրավաբանական ընկերությունն ուղղել է հերթական նախազգուշացումը Թրամփի քարոզարշավի ներկայացուցիչներին այն մասին, որ եթե ԱՄՆ նախագահը շարունակի օգտագործել նրանց երգերն առանց համապատասխան իրավունքն ունենալու, նրանք կարող են դատական հայց ներկայացնել։
Նշվում է, որ, չնայած նախկինում նախազգուշացումների, որ խումբը թույլտվություն չր տվել Թրամփին, 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ առանց դրա օգտագործվել է You Can’t Always Get What You Want երգը։ Այդ մասին խումբը գրել էր թվիթերյան իր միկրոբլոգում։
Նույն այդ երգը կրկին օգտագործվել էր Թրամփի քարոզարշավում Թալսում (Օկլահոմա նահանգ) հանրահավաքի ժամանակ սույն թվականի հունիսի 20-ին։