ԱՄՆ-ը մտադիր է 3,8 միլիարդ դոլար հատկացնել Եվրոպայում «Ռուսաստանին զսպելու» համար
ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեի նախագիծը հաջորդ ֆինանսական տարվա համար (սկսվում է հոկտեմբերի 1-ից) ենթադրում է գրեթե 3,8 միլիարդ դոլարի հատկացում «Զսպման եվրոպական նախաձեռնություն» ծրագրի համար, որի նպատակը, ըստ ամերիկյան իշխանությունների, «Ռուսաստանին զսպելն» է: Նման առաջարկ է պարունակվում փաստաթղթում, որը պատրաստել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը (Վաշինգտոնից դեմոկրատ), հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օրինագիծը, որը պատասխան է դարձել 2021 ֆինանսական տարվա ԱՄՆ վարչակազմի բյուջեի հայտին, որը տարեսկզբին փոխանցվել է Կապիտոլիումին, շաբաթ օրը հրապարակել է կոնգրեսականի աշխատակազմը: Փաստաթուղթը նախատեսում է 3789 միլիարդ դոլարի «Զսպման եվրոպական նախաձեռնության» ֆինանսավորում, մասնավորապես՝ ծովով ռազմավարական բեռնափոխադրումների, արբանյակային հաղորդակցությունների, վերալիցքավորման, սուզանավերի եւ հականավային ռազմական ներուժի համար, որոնք ամրապնդում են Ռուսաստանի զսպումը»:
Բացի այդ, ըստ Սմիթի, բյուջեի, ինչպես նաեւ դրա նախորդների, նախագիծը «երկարաձգում է ցանկացած այն գործունեության ֆինանսավորման արգելքը, որը կճանաչեր Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը», «շարունակում է սահմանափակել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը՝ ընդլայնելով մեկնաբանման կանոնը, որի համաձայն արգելքը չի առնչվում երկկողմ ռազմական երկխոսությանը՝ հակամարտության ռիսկը նվազեցնելու համար»:
Անցյալ տարի դեմոկրատը ռեկորդային 6,5 միլիարդ դոլար էր պահանջել «Զսպման եվրոպական նախաձեռնության» համար, որը, ի վերջո, հատկացվեց: Այս ֆինանսական տարում հատկացումը կազմել է 5,9 միլիարդ դոլար: Անցյալ տարվա աշնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 771 միլիոն դոլար էր վերաբաշխել ամերիկա-մեքսիկական սահմանին պատ կառուցելու ծրագրից:
Սմիթի հանձնաժողովը հաջորդ շաբաթ կվերանայի բյուջեի այս նախագիծը: Հաստատվելուց հետո փաստաթուղթը կքննարկի դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատը: Զինված ուժերի գործերով Սենատի հանձնաժողովն արդեն հաստատել է պաշտպանության բյուջեի նախագծի իր տարբերակը, որը տարբերվում է Սմիթի տարբերակից, այն նաեւ կսկսեն քննարկել հաջորդ շաբաթ Սենատում, որտեղ մեծամասնությունը հանրապետականներ են: Այն բանից հետո, երբ օրենսդիր մարմնի երկու պալատները հաստատեն բյուջեի նախագծի իրենց տարբերակները, կստեղծվի հանձնաժողով, որը կհամաձայնեցնի երկու նախագծերի մանրամասները: Երկու պալատները կրկին ստիպված կլինեն քվեարկել համաձայնեցված փաստաթղթի հարցով, որից հետո այն ստորագրության համար կուղարկվի Թրամփին: