Հուլիսի 3-ին Թուրքիայում սկսվում են սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանության գործով դատական լսումները
Թուրքիայի դատարանը հուլիսի 3-ին նշանակել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանության գործով դատական նիստը: Այս մասին, վկայակոչելով թուրքական աղբյուրները, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:
«Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել հուլիսի 3-ին սկսել Հաշագջիի սպանության գործով դատական լսումները»,- նշել է աղբյուրը:
Լրագրողը, որը հայտնի է Էր-Ռիադի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական հոդվածներով, 2017 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ համագործակցել է The Washington Post-ի հետ: Նա անհետացե էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն այցելելիս: Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել էին, որ Հաշագջին սպանվել է դիվանագիտական առաքելության շենքում կոնֆլիկտի ժամանակ: Միջազգային հանրությունը դատապարտել էր այս հանցագործությունը՝ Էր-Ռիադին կոչ անելով թափանցիկ հետաքննություն անցկացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը 2018 թվականի նոյեմբերի 15-ին հրապարակել էր հետաքննության նախնական արդյունքները. թագավորության 11 քաղաքացի մեղադրվում է սպանությանը մասնակցության համար, նրանցից 5-ին մահապատիժ էր սպառնում: Ինչպես հայտարարել էր Էր-Ռիադը, իսկզբանե լրագրողին մտադիր էին տեղափոխել Սաուդյան Արաբիա, այլ ոչ թե սպանել:
Անցյալ տարվա դեկտեմբերին թագավորությունում այս գործով հինգ մեղադրյալ դատապարտվե էր մահապատժի, եւս երեքը դատապարտվել են ընդհանուր 24 տարվա ազատազրկման: Ընդհանուր առմամբ, գործով 11 մարդ է անցնում: Մարտի 25-ին Ստամբուլի դատախազությունը դատական հայց էր պատրաստել Հաշագջիի սպանության համար կասկածվող 18 անձանց դեմ: Այն նրանց համար ցմահ բանտարկություն է պահանջում: