Թրամփը Բոլթոնին մոլագար է անվանել և կշտամբել պատերազմ սկսելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին՝ նրան խելագար մոլագար անվանելով, որի միակ ցանկությունը մարդկանց «ռմբակոծելն» է: Թրամփն այս մասին ասել է Fox News-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բոլորը նրան խելագար էին համարում, քանի որ ցանկանում էր մարդկանց ռմբակոծել եւ ասում էր՝ եկեք պայքարենք Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ»,- նշել է պետության ղեկավարը: «Բանակցությունների ժամանակ ինձ միշտ տվել են այն, ինչ ցանկացել եմ, բայց հենց կողքիս տեսնում էին այդ մոլագար Բոլթոնին, ապա կարծում էին, որ ես պատրաստ եմ ռումբեր կիրառել»,- հավելել է նա՝ ընդունելով, որ դա բանակցությունների ժամանակ որոշակի առավելություն էր տալիս:
«Նա աշխատանքը վատ էր կատարում»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը: «Նա խելացի չէր եւ դյուրըմբռնող չէր»,- շարունակել է Թրամփը: «Ես չեմ հիշում, որ նա գոնե մեկ անգամ ժպտար: Նույնիսկ մի անգամ հարցրի՝ ինքն ընդհանրապես ժպտո՞ւմ է: Դա մարդու մասին շատ բան է ասում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հերթական անգամ քննադատաբար է արտահայտվել նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի մասին, որն անցկացրել էր հանրապետական Թրամփի եւ ՌԴ իշխանությունների միջեւ համաձայնության հետաքննությունը, որը հետո հերքել էր: «Հիմա այնպես է ստացվում, որ Մյուլերը պետք է քննության հենց առաջին շաբաթում հայտարարեր, որ մենք ոչ մի վատ բան չենք կատարել: Նրանք առաջին օրերին վկայություններ ունեին, որ Ռուսաստանի հետ համաձայնություն չի եղել: Դա Ռուսաստանի հետ կապ չուներ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: