ԱՄՆ-ում ոստիկանության վետերաններին ազատել են աշխատանքից՝ սեւամորթների «սպանդի» մասին խոսակցության համար
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգում ոստիկանության վետերաններին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ հրապարակվել է ոստիկանական ավտոմեքենայից տեսանյութ, որտեղ նրանք հայհոյանքներ եւ վիրավորանքներ օգտագործելով՝ ռասիստական բնույթի քննարկումներ են անում աֆրոամերիկացիների «սպանդի» վերաբերյալ եւ հայտարարում են «երկրորդ քաղաքացիական պատերազմի» անհրաժեշտության մասին, հայտնում է Fox News-ը։
Տեղական ոստիկանության ղեկավար Դոնի Ուիլյամսի խոսքով՝ ոստիկանների այդ խոսակցությունները լսելով՝ ինքը ցնցվել է, տխրել եւ նողկանք զգացել։
«Մեր գործակալությունում կամ մեր քաղաքում նման վարքագիծը տեղ չունի, եւ դա հնարավոր չէ հանդուրժել»,- ասել է Ուիլյամսը:
Ներքին հետաքննության արդյունքների համաձայն, ոստիկանները խոստովանել են իրենց արարքը: Միաժամանակ, հարցաքննությունների ընթացքում նրանք հերքել են, որ ռասիստ են, եւ հայտարարել են, որ իրենց արտահայտությունները արվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բռնկված բողոքների ազդեցությամբ։