Նիկիտա Խրուշչովի որդին ԱՄՆ-ում ինքնասպան է եղել
Քաղաքագետ Սերգեյ Խրուշչովը՝ ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին, ինքնասպան է եղել: Նրա մահվան մանրամասները հայտնում է The New York Times-ը:
Նշվում է, որ նրա մարմինը հայտնաբերել են գլխի վիրավորումով: Ոստիկանության տեղեկություններով՝ բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:
Խրուշչով կրտսերի մահվան մասին հաղորդվել էր դեռեւս հունիսի 18-ին, բայց այդ ժամանակ ինքնասպանության մասին տեղեկություն չէր ստացվել:
Սերգեյ Խրուշչովն ուներ ռուսական եւ ամերիկյան քաղաքացիություն. 1991 թվականին հայտնի գիտնականին եւ հրապարակախոսին հրավիրել էին Բրաունի համալսարան սառը պատերազմի պատմության վերաբերյալ դասախոսություն կարդալու: Հետագայում նա մնացել էր ԱՄՆ-ում:
ԽՍՀՄ-ում Խրուշչով կրտսերը զբաղվել է թեւավոր եւ բալիստիկ հրթիռների նախագծերի մշակմամբ, մասնակցել է տիեզերանավերի վայրէջքի համակարգերի ստեղծմանը, փոխանցում է Lenta-ն: