Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարը չօգտագործել ընդդիմախոսներին վերացնելու համար
Ադրբեջանում կան ընդդիմախոսներին վերացնելու համար ահաբեկչության դեմ պայքարն օգտագործելու փաստեր: Այս մասին ասվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին ամենամյա զեկույցում, հաղորդում է Turan-ը:
Զեկույցում նշվում է, որ 2019-ին Ադրբեջանում ահաբեկչական հարձակումներ չեն գրանցվել: Սակայն իրավապահ մարմինները եւ անվտանգության մարմինները լայնորեն կիրառել են ահաբեկչություն եւ ծայրահեղականություն սահմանումները:
Արդյունքում քաղաքական ընդդիմախոսները եւ կրոնական ակտիվիստները ենթարկվել են դատական հետապնդումների, ձերբակալությունների եւ կոպիտ վերաբերմունքի:
Դրա օրինակ է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի թիկնապահ Նիյամեդին Ահմեդովի գործը, ում մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման մեջ, այն բանից հետո, երբ 30-օրյա պատիժ է կրել կորոնավիրուսի հետ կապված կարանտինային միջոցների խախտման համար:
Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Պետդեպի համակարգող Նաթան Սեյլզը ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարը ենթադրում է մարդու իրավունքների հարգում եւ օրենքի գերակայություն: