Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ծովամթերքների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել ամերիկյան օմարների պաշտպանության մասին «չինական ռեպրեսիվ մաքսատուրքերի» ֆոնին՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում ավելացնել մաքսատուրքերը Չինաստանից ներկրվող ծովային արտադրանքի համար, նշվում է Սպիտակ տան կողմից հինգշաբթի տարածված փաստաթղթի տեքստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե առեւտրային ներկայացուցիչը եզրակացության հանգի, որ Չինաստանը չի կատարում իր պարտավորությունները ծովամթերքի մասով առաջին փուլի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում, առեւտրային ներկայացուցիչը պետք է դիտարկի... բոլոր գործողությունները՝ Չինաստանից ծովամթերքի վրա հայելային ռեպրեսիվ մաքսատուրքերի սահմանման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թրամփը հիշեցրել է, որ երբ Միացյալ Նահանգներն առեւտրում անհավասարությունները շտկելու համար էականորեն ավելացրեցին ներմուծման մաքսատուրքերը մի շարք չինական ապրանքների համար, իսկ Չինաստանը, «իր գործողությունների ընթացքը փոխելու փոխարեն, անարդար ռեպրեսիվ մաքսատուրքերով պատասխանեց...»:
«Չինաստանի պատասխան հարվածն օմարների ամերիկյան արդյունաբերությանը հատկապես ագրեսիվ էր»,- նշվում է փաստաթղթում: Այս ապրանքների մաքսատուրքերը նախ բարձրացվեցին 25 տոկոսով, այնուհետեւ 35 տոկոսով, ապա իջեցվեցին մինչեւ 30 տոկոս: Այլ մաքսատուրքերի հետ միասին այդ էիվը 35-37 տոկոս էր կազմում, նշվում է փաստաթղթում:
Ընդ որում, օմարներն այն ապրանքների ցանկում են, որոնք Պեկինը, Թրամփի խոսքով, խոստացել էր գնել ԱՄՆ-ից՝ 2020 թվականի հունվարին կնքված առեւտրային գործարքի առաջին փուլի շրջանակներում, եւ բացառություն էր արել օմարների համար մաքսատուրքերից:
«Այսօրվա դրությամբ անհայտ է մնում, թե որքանով է Չինաստանի բացառություններն իր բռնաճնշական մաքսատուրքերի հարցում հանգեցնելու օմարների արտահանման ավելացմանն ԱՄՆ-ից»,- նշվում է հուշագրում: