Բայդենը պաշտոնապես կհամաձայնվի օգոստոսին Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրմանը
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը պաշտոնապես համաձայնություն կտա Միլուոկիում (Վիսկոնսին նահանգ) համագումարի ժամանակ իր թեկնածության առաջադրմանը, որը նախատեսված է օգոստոսին, հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Ընդ որում՝ համագումարը կընթանա գերազանցապես վիրտուալ ձեւաչափով, համագումարի պատվիրակները խնդրում են մնալ տանը՝ կորոնավիրուսով պայմանավորված մտավախությունների պատճառով:
«COVID-19 համավարակի կապակցությամբ խորհրդակցելով առողջապահության ներկայացուցիչների հետ՝ համագումարի կազմակերպիչները այսօր հայտարարում են որոշման մասին, որ նահանգներից պատվիրակությունները Միլուոկի ուղեւորություններ նախատեսելու անհրաժեշտություն չունեն, այլ պետք է ծրագրեն համագումարի հետ կապված պաշտոնական մասի հեռավար կատարումը»,- նշված է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի հայտարարության մեջ:
Հեռուստաալիքը նշում է, որ դեմոկրատների համար այս նահանգը հատուկ նշանակություն ունի՝ այնտեղ հաղթելու անհրաժեշտության տեսանկյունից. 2016 թվականին Թրամփն այնտեղ Հիլարի Քլինթոնին գերազանցել էր նվազագույն տարբերությամբ:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պատրաստվում է օգոստոսին Ֆլորիդայում ընդհանուր կուսակցական համագումար անցկացնել լիակատար ձեւաչափով՝ ջերմության ստուգմամբ, սոցիալական հեռավորության պահպանմամբ եւ դիմակների ու հակաբատերիային գելերի բաժանմամբ:
Ընդ որում՝ վերջին շաբաթվա ընթացքում Թրամփի մասնակցությամբ անցկացված արդեն երկու հրապարակային զանգվածային միջոցառումների ժամանակ մարդիկ գրեթե չեն կրել դիմակներ, քանի որ դա միայն խորհուրդ տրվող միջոցառում է, ինչպես նաեւ չեն պահպանել հանձնարարվող նվազագույն հեռավորությունը: