Բայդենը հաղթել է Նյու Յորքում և Կենտուկիում կայացած նախնական ընտրություններում
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարում պատվիրակների բավարար թվով ձայներ է ստացել պետության ղեկավարի ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար, երեքշաբթի հաղթել է Նյու Յորք եւ Կենտուկի նահանգներում անցկացված փրայմերիզում, հայտնում է The New York Times-ը:
Նյու Յորքում փրայմերիզը նախապես նշանակված էր ապրիլի 28-ին, իսկ Կենտուկիում՝ մայիսի 19-ին: Այս ծրագրերը փոփոխվել էին COVID-19 համավարակի պատճառով: Փրայմերիզներում ընտրել են այն պատվիրակներին, որոնք օգոստոսին նախատեսված դեմոկրատների համազգային համագումարում աջակցելու են կոսակցության կողմից այս կամ այն թեկնածուի առաջադրմանը ԱՄՆ նախագահի թեկնածու:
Նյու Յորք նահանգում քվեաթերթիկների մշակումը չի ավարտվել: Պարբերականի հաշվարկներով՝ Բայդենն այս նահանգում ստացել է ընտրողների ձայների 66,2 տոկոսը, իսկ սենատոր Բեռնի Սանդերսը, որը ապրիլի 8-ին դուրս էր եկել նախընտրական մրցապայքարից, ձայների 19,3 տոկոսը: Սանդերսի կողմից նախընտրական պայքարը դադարեցնելուց հետո Բայդենն, ըստ էության, մրցակիցներ չունի, սակայն ավելի վաղ մրցապայքարին մասնակցած մի քանի քաղաքական գործիչների անունները նախկինի պես նշված են քվեաթերթիկներում:
Նյու Յորքում նախնական ընտրությունների արդյունքներով բաշխում են 274 պատվիրակների ձայները: Պարբերականի հաշվարկիներն արտացոլում են տեղամասերի 85 տոկոսից ստացված տվյալները: Կենտուկիում Բայդենը ստանում է ընտրողների ձայների 56,8 տոկոսը, Սանդերսը՝ 11,5 տոկոսը: Այս նահանգում պարբերականն ուսումնասիրել է տեղամասերի 50 տոկոսից ստացված տվյալները: Երկու նահանգներում էլ համավարակի պատճառով շատերը հեռակա են քվեարկել, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի պաշտոնական արդյունքների երկարատեւ ամփոփման, հստակեցում է պարբերականը:
Ըստ The New York Times-ի գնահատականների՝ Բայդենը ստացել է 2 177 պատվիրակների աջակցությունը: Նախագահի թեկնածու դառնալու համար դեմոկրատների համագումարում քվեարկության առաջին փուլում հավակնորդը պետք է ստանա 1 991 պատվիրակի ձայները: Բայդենն այս նիշը հաղթահարել է հունիսի 5-ին: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային համագումարը, որի ժամանակ Բայդենին անվանելու են երկրի բարձրագույն պետական պաշտոնի թեկնածու, համավարակի պատճառով տեղափոխվել է օգոստոսի 17-20-ը: Այն անցկացվելու է Միլուոկիում (Վիսկոնսին նահանգ):
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ստացել է կուսակցության համագումարի պատվիրակների բավարար թվով ձայներ հանրապետականների կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին: