Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 7176 նոր դեպք. 2272 մարդու մոտ (31,6 %) կլինիկական դրսևորումներ չկան
Ռուսաստանում անցած մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսային ինֆեկցիայի 7176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 600 հազարից, լրագրողներին հայտնել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդ որում՝ 2272 մարդու մոտ (31,6 տոկոս) կլինիկական դրսևորումներ չկան:
Անցած օրվա ընթացքում մահացել է 154 մարդ, բուժումից հետո դուրս է գրվել 12 393-ը:
Նոր դեպքեր են նկատվել 84 տարածաշրջաններում: Ամենամեծ թիվը կազմում է Մոսկվայում՝ 811: Այդուհանդերձ, ՌԴ մայրաքաղաքում դեպքերի այսպիսի փոքր թիվ չէր եղել ապրիլի 8-ից սկսած:
Եվս 507 նոր դեպք է գրանցվել Մերձմոսկվայում, 323՝ Խանտի Մանսիյսկ ինքնավար շրջանում, 218՝ Սանկտ Պետերբուրգում, 207՝ Նիժեգորոդյան մարզում, 198՝ Վորոնեժի մարզում:
Չուկոտկայի ինքնավար շրջանում եւ Սեւաստոպոլում հայտնաբերել են վարակման միայն մեկական դեպքեր:
Աճի տեմպերը շարունակում են նվազել և անցած օրվա ընթացքում կազմել են 1,2 տոկոս:
Նախօրեին հաղորդվել էր 7425 հիվանդացածի եւ 153 մահացածի մասին: COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր վարակվել է 606 881 մարդ, որոնցից 8513-ը մահացել է, ապաքինվել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 368 822-ը:
ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում կա կորոնավիրուսով վարակված ընդհանուր գրեթե 9 միլիոն մարդ, նվազագույնը 469 հազարը մահացել է: Ինֆեկցիային առավել ենթակա երկրների տասնյակի մեջ են մտնում Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Պերուն, Իսպանիան, Չիլին, Իտալիան և Իրանը: