Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերում հանդես կգա նոր, շատ բարդ ցատկով
Արթուր Դավթյանն այժմ աշխատում է նոր շատ բարդ ցատկի վրա, որով հանդես կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Տարրը կգրանցվի նրա անունով:
Այս մասին առնցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
«Կորոնավիրուսի համավարակը բացասաբար ազդեց մասնավորապես սպորտի ոլորտի վրա: Բավական երկար ժամանակ չմարզվեցինք, հետ ընկանք: Այժմ արդեն մեկ ամսից ավել է մարզվում ենք եւ աստիճանաբար վերականգնվում ենք: Բայց չկա չարիք առանց բարիք. համավարակը մեզ հնարավորություն տվեց մարզիկների վնասվածքները բուժել:
Մեր առաջատար մարզիկներից Արթուր Թովմասյանն ու Արթուր Ավետիսյանը ուսի վիրահատություններ տարան եւ այժմ վերականգնողական փուլում են: 6 ամիս անց նրանք լիարժեք կապաքինվեն եւ կմասնակցեն արդեն մրցաշարերին: Օլիմպիական Արթուր Դավթյանը մեքի վնասվածք ուներ: Վիրահատություն չարեցինք, ֆիզիոթերապիա անցավ եւ արդեն ապաքինման վերջին փուլում է:
Արթուր Դավթյանը նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին: Եթե այս տեմպով շարունակենք, շատ հնարավոր է Օլիմպիական խաղերում Արթուրն այնպիսի ցատկ անի, որ աշխարհում կլինի առաջինը եւ կգրանցվի իր անունով: Դահլիճային պայմանները դեռեւս թույլ չեն տալիս, որ ամբողջական աշխատենք այդ տարրի վրա: Հուսով եմ՝ շուտով կունենանք հնարավորություն արտագնա հավաքների:
Շատ բարդ է լինելու Արթուրի նոր ցատկը, աշխարհի ամենաբարդ ցատկն է լինելու եւ իր անունով է գրանցվելու: Նա արժանի է, որ իր անունով տարր ունենա: Միակ անորոշությունն այն է, որ չգիտենք՝ երբ են վերսկսելու մրցաշարերը, ըստ այդմ ինչ ծրագրով ենք աշխատելու: Չենք կարող հիմա բարդացնել, ծանրաբեռնել մարզումները, բայց չիմանանք երբ եւ ինչ մրցաշարի ենք պատրաստվելու: Այս պահին միայն հստակեցված է Եվրոպայի առաջնության ժամկետները: Տեղի է ունենալու դեկտեմբերին: Մենք չենք մասնակցելու, քանի որ անցկացվելու է Բաքվում»,- ասել է Հակոբ Սերոբյանը: