Երևանում բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ տղաներ են ծնվել (Լուսանկարներ)
Օրերս Երեւանի «Սեբաստիա Ծննդատանը» լույս աշխարհ են եկել եռյակ տղաներ՝ բնական ճանապարհով բեղմնավորված։ Այս մասին հայտնում է ծննդատան ֆեյսբուքյան էջը։
««Սեբաստիա Ծննդատանը» հերթական եռատոնն է: Արդեն երկրորդ անգամն է, որ ծննդատան կոլեկտիվն ականատեսն ու անմիջական մասնակիցն է դառնում բնական ճանապարհով հղիացած եռյակի լույս աշխարհ գալուն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կեսարյան հատումով ծնված Հայկը, Հայկազն ու Հենրին լիարժեք առողջ երեխաներ են: Նրանց մայրը՝ Արմինե Թովմասյանը, եւս առողջ է եւ իրեն լավ է զգում։ Ի դեպ, տանը եռյակներին սպասում է նրանց ավագ քույրը։
Հղիության ընթացքը հսկած մանկաբարձ-գինեկոլոգ Բերսաբե Դարմանյանի խոսքով՝ Արմինեն հղիության 9-րդ շաբաթից իր մոտ էր հսկվում։
«Իմ պրակտիկայում արդեն չորրորդ անգամ եմ վարում բազմապտուղ հղիություն և անասելի հպարտություն է մեր ազգին երեք զինվոր պարգևելու գործը ստանձնելն ու Թովմասյանների ընտանիքին Աստծո օրհնությունը եռակի կերպով հասցնելու գործին «մասնակցելը»», - նշում է մասնագետը։