Պոմպեոն Բոլթոնի գրքի հրապարակումը համեմատել է Սնոուդենի գործողությունների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հրապարակումը համեմատել է հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գործողությունների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք տեսանք, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ տեղեկատվություն են գաղտնազերծում, ինչպես Էդվարդ Սնոուդենը: Այն, ինչ այստեղ արեց Ջոն Բոլթոնը, ոչնչով չի տարբերվում, մենք արդարադատության նախարարությանը հնարավորություն ենք թողնում քայլեր ձեռնարկելու համար, բայց այդպիսի տեղեկատվության հայտնվելն իսկական սպառնալիք է եւ իրական վնաս հասցնում Ամերիկային»,- ասել է Պոմպեոն Fox News- ին:
Երեքշաբթի լույս է տեսել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հուշերը, որում նա նկարագրում է իր աշխատանքը Սպիտակ տանը 2018-2019 թվականներին:
Թրամփի վարչակազմը պնդում է, որ գիրքը գաղտնի տեղեկատվություն է պարունակում, իսկ Բոլթոնը չի համաձայնեցրել դրա բովանդակությունն իշխանությունների հետ: Բոլթոնն ասում է, որ գրքում ոչ մի գաղտնի տեղեկություն չկա, իսկ Սպիտակ տունը պահանջել է հեռացնել գրքից Թրամփի մասին բացասական արտահայտությունները:
Ավելի վաղ դատարանը հրաժարվել էր բավարարել վարչակազմի հայցը՝ «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Հուշեր Սպիտակ տնից» գրքի տպագրությունն արգելելու մասին, քանի որ հազարավոր օրինակներ արդեն ուղարկվել են խանութներ ամբողջ երկրում եւ արտերկրում, իսկ բովանդակությունը հայտնվել է լրատվամիջոցներում:
Ընդ որում, դատավորը համաձայնել է, որ Բոլթոնը, գիրքը տպագրության հանձնելով, խախտել է իշխանությունների հետ ձեռագիր տարբերակի համաձայնեցման կարգը եւ խոստովանել է, որ նա կարող էր գաղտնի տեղեկատվություն տարածել: Ըստ դատարանի՝ այժմ Բոլթոնը կամ հայտնի կդառնա եւ փող կունենա, եթե գրքում գաղտնի տեղեկատվություն չկա, կամ քրեական հետապնդման կենթարկվի, եթե այն գրքում, այնուամենայնիվ, պարունակվում է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է դատավորի խոսքերը եւ խոստացել, որ Բոլթոնը բարձր գին կվճարի օրենքը խախտելու համար:
2013-ի հունիսին Սնոուդենը Washington Post եւ Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր էր փոխանցել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ համացանցում լրտեսման ծրագրերի վերաբերյալ: Նա թռել էր Հոնկոնգ, իսկ այնտեղից՝ Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվում էր «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում: