«Սպիտակամորթների կյանքը կարևոր է». Յուրահատուկ ակցիա՝ «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպման ժամանակ
Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպման ընթացքում անհայտ անձինք յուրահատուկ ակցիա են իրականացրել:
Հանդիպման ընթացքում «Էյթիհադ» ստադիոնի երկնքում հայտնվել է պաստառ՝ «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» գրությամբ:
Այս կերպ ակցիայի կազմակերպիչներն իրենց դժգոհությունն են հայտնել աշխարհում սկսված Black Lives Matter (Սևերի կյանքը կարևոր է) հակառասիստական շարժումից: Պրեմյեր լիգայում հանդիպումների մեկնարկից առաջ ֆուտբոլիստները ծնկի են գալիս՝ իրենց աջակցությունը հայտնելով հակառասիստական շարժմանը: «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» ակցիայի կազմակերպիչներն այս քայլը համարել են նվաստացուցիչ և վիրավորական:
«Բարնլին» հայտարարել է, որ դատապարտում է «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» ակցիայի կազմակերպիչների գործողությունը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով: