Թրամփը հիմարություն է անվանել Նյու Յորքում Թեոդոր Ռուզվելտի արձանի ապամոնտաժման ծրագրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմարություն է համարում ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի (զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 1901-1909 թվականներին) արձանի ապամոնտաժման ծրագրերը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հիմարություն է, մի՛ արեք»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ որոշմանը հավանություն է տվել Նյու Յորքի քաղաքապետարանը:
Նյու Յորքում Բնական պատմության ամերիկյան թանգարանի ներկայացուցիչները նշել են, որ ապամոնտաժումը կապված չէ 26-րդ նախագահի անձի հետ, այլ՝ բուն հուշարձանի «հիերարխիկ կոմպոզիցիայի»: Հուշարձանի կենտրոնում ձիու վրա նստած Ռուզվելտն է, որի երկու կողմերով հնդիկ եւ աֆրիկացի են քայլում: Որպես Ռուզվելտի նկատմամբ հարգանքի ժեստ՝ թանգարանում նախատեսում են կենսաբազմազանությանը նվիրված սրահն անվանել նրա պատվին: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նշել է, որ հուշարձանը «սեւամորթ ու բնիկ ժողովրդին [Հյուսիսային Ամերիկայի] պատկերում է որպես ստրկացված եւ ռասայապես ոչ լիարժեք»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում քաղաքական գործիչների հուշարձանների դեմ պայքարը սկսվել է Մինեապոլիսում ոստիկանների կողմից խեղդման հնարքի հետեւանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Աֆրոամերիկացու ձերբակալությանը մասնակցած 4 ոստիկաններն աշխատանքից ազատվել են, նրանց մեղադրանք է ներկայացվել: