Թրամփը թույլ է տալիս Մադուրոյի հետ հանդիպման հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տալիս Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարող էի այդ մասին մտածել,- Axios լրատվական պորտալին տված հարցազրույցում ասել է Թրամփը, որից հատվածներ կիրակի հրապարակվել են կայքում,- Մադուրոն կցանկանար հանդիպել: Ես երբեք դեմ չեմ հանդիպումներին»:
Հարցին՝ արդյոք նա զղջում է, որ հետեւել է իր՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի խորհրդին՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին սատարելու վերաբերյալ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Ոչ այդքան»: «Ես կարող էի ապրել դրա հետ կամ առանց դրա, բայց ես խիստ դեմ էի այն ամենին, ինչ կատարվում էր Վենեսուելայում,- ասել է Թրամփը:- Գուայդոյին ընտրել են: Կարծում եմ, որ պարտադիր կողմ չէի, բայց հայտարարել էի, որ ոմանց դա դուր կգա, ոմանց՝ ոչ»:
Վենեսուելայում քաղաքական իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ 2019 թվականի հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի նշանակումը խորհրդարանի նախագահի պաշտոնում դրանից երկու օր առաջ չեղարվել էր Գերագույն դատարանի կողմից, իրեն գործող նախագահ հայտարարեց: Միացյալ Նահանգները նրան որպես պետության ժամանակավոր ղեկավար ճանաչեցին: ԱՄՆ-ին միացան Լիմա խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածը հեղաշրջման փորձ էր անվանել եւ հայտարարել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Նրան աջակցություն էին հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան: