Թրամփը խոստացել է, որ հանրապետականները դեմ հանդես կգան դեմոկրատների՝ ոստիկանության մասին օրինագծին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները դեմ հանդես կգան դեմոկրատների առաջարկած ոստիկանության մասին օրինագծի ընդունմանը: Նախագահը համապատասխան գրառումը տեղադրել է Twitter- ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դեմոկրատները Պալատում ցանկանում են այս շաբաթ օրինագիծ ընդունել, որը կկործանի մեր ոստիկանությունը: Հանրապետական կոնգրեսականները, ամենայն հավանականությամբ, կտրականապես կդիմադրեն դրան,- ասել է Թրամփը:- Մենք պետք է պաշտպանենք մեր ոստիկանությունը, նրանք ապահովում են մեր անվտանգությունը»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը հունիսի 17-ին հաստատել էր Դեմոկրատների առաջարկած օրինագիծը, որը նպատակ ունի լայնածավալ բարեփոխումներ իրականացնել ոստիկանությունում՝ ի պատասխան երկրում զանգվածային բողոքների: Նախաձեռնությանն աջակցել է 24 կոնգրեսական, դեմ է քվեարկել 14-ը:
Օրինագիծը, մասնավորապես, արգելում է իրավապահներին խեղդող հնարքներ կիրառել, ազգային տվյալների բազա է ստեղծում ոստիկանության կողմից ոչ օրինաչափ գործողություններին հետևելու համար, ինչպես նաև արգելում է որոշ դեպքերում ձերբակալության մասին հրաման տալ, որոնք ոստիկաններին թույլ են տալիս առանց նախազգուշացման տուն ներխուժել: Առաջարկվող բարեփոխման շրջանակներում իրավապահների պատասխանատվությունը մեծանում է, այդ թվում՝ կասկածյալների նկատմամբ բռնության և կամայականությունների համար:
Թրամփը հունիսի 16-ին հրամանագիր էր ստորագրել ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ, որում առաջնահերթություն է տրվում իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման համար դաշնային դրամաշնորհների տրամադրմանը՝ ոստիկանների կողմից կոնֆլիկտների խաղաղ լուծման պրակտիկայի կիրառման խթանման նպատակով: Ընդ որում, իշխանությունները կքննեն ոստիկանության կողմից ուժի կիրառման վերաբերյալ բողոքները: Նորամուծությունները կոչված են բարելավելու տեղեկատվության փոխանակումը պետական գերատեսչությունների միջև, որպեսզի այդ թվում նաև աշխատանքի չընդունել մարդկանց՝ առանց կենսագրության լիարժեք ստուգման: