Նա ներկայանում է որպես «անօրինական ներգաղթյալի որդի». Forbes-ը պատմել է Ալեքսիս Օհանյանի պատմությունը
Reddit սոցիալական եւ լրատվական հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է ազգային փոքրամասնությունների, կանանց, սեւամորթների իրավունքների համար պայքարին․․․
Այս համատեքստում ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական տարբերակը Օհանյանին է նվիրել «Համացանցի քաղաքապետ. ինչպես Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձավ ճնշվածների իրավունքների համար գլխավոր պայքարողներից մեկը» վերնագրով հոդվածը:
«Ալեքսիս Օհանյանն ունի 70 մլն դոլար եւ աշխարհը փոխելու մեծ ցանկություն», - գրում է հեղինակ Դարյա Շիպաչովան՝ նշելով, որ հունիսի 5-ին՝ ոստիկանների ձեռքից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից տասն օր անց, Օհանյանն անսպասելիորեն հայտնել է Reddit ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին, որպեսզի զբաղվի աշխարհում անարդարության դեմ պայքարով՝ առաջին հերթին ռասիզմով:
Հեռանալով տնօրենների խորհուրդից նա նախկին գործընկերներին համառորեն պնդել է՝ իր փոխարեն վերցնել սեւամորթ թեկնածուի։
Բացի այդ, գործարարը խոստացել է, որ Reddit-ի իր բաժնետոմսերից ստացված ամբողջ հետագա շահույթը նա կուղղորդի ռասիզմի դեմ հանդես եկող համայնքներին:
Black Lives Matter (BLM) շարժման իր առաջին ներդրումը նա արդեն արել է՝ Know Your Rights Camp կազմակերպությանը փոխանցելով մեկ միլիոն դոլար, որն օգնում է սեւամորթ երիտասարդներին պայքարել իրենց իրավունքների համար եւ դիմակայել ոստիկանական բռնությանը:
«Պատկանելության հարցը միշտ հուզել է Ալեքսիս Օհանյանին ... նա ներկայանում է որպես «անօրինական ներգաղթյալի որդի»։ Օհանյանի հայրական գծով պապն ու տատը ԱՄՆ փախել են Հայոց ցեղասպանության ժամանակ, որը տեղի է ունեցել 1915-1923թթ.: Այդ շրջանում այն տարածքներում, որոնք վերահսկում էին թուրքերը, տեղական զորքերը սպանում էին էթնիկ հայերին. մոտ 1,5 մլն մարդ է զոհվել: Այնպես որ, ազգային թշնամանքի հարցը Ալեքսիսի համար շատ անձնական է», - գրում է նյութի հեղինակը։
Նա նաեւ հիշեցնում է, որ Ալեքսիսի դուստրը՝ երկու տարեկան Օլիմպիա Օհանյանը, թուխ մաշկ ունի, ուստի նրա ծնվելուց հետո ռասիզմի դեմ պայքարի հարցն ավելի արդիական է դարձել նրա համար:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Ալեքսիս Օհանյանը անսահման հավատում է մարդկանց, ինչպես նաեւ, որ խոսքի ազատությունն ու արվեստը աշխարհը դարձնում են ավելի հիասքանչ։
2012 թվականին ամերիկյան Forbes-ը նույնիսկ Օհանյանին անվանել է «համացանցի քաղաքապետ» այն բանից հետո, երբ Ալեքսիսը Reddit-ի օգտատերերի անունից պայքարում էր ամերիկյան կառավարության Stop Online Piracy Act նախագծի դեմ (օրենքի համաձայն՝ ցանկացած կայք կարելի էր արգելափակել առաջին բողոքից, եթե ինչ-որ մեկը կասկածեր «հեղինակային իրավունքների խախտման» մեջ): Արդյունքում՝ բողոքներից հետո օրենսդիրները հրաժարվել են նախագծի ընդունումից։