Թրամփն աշխատանքից հեռացրել է դատախազին, որը հրաժարվել էր լքել իր պաշտոնը նախքան նոր թեկնածուի ընտրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազ Ջեֆրի Բերմանին, որը հրաժարվել էր լքել իր պաշտոնը նախքան նոր դատախազի ընտրությունը, հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյան Բարը, հաղորդում է BBC News-ը:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Բերմանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, նա կմնա իր պաշտոնում եւ կշարունակի աշխատանքը:
Շաբաթ ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է, որ խնդրել է նախագահին անհապաղ հեռացնել աշխատանքից դատախազին, եւ Դոնալդ Թրամփը բավարարել է նրա խնդրանքը:
Այդ հեռացման կապակցությամբ իր կասկածն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ ենթադրելով, որ Ջեֆրիին աշխատանքից հեռացնելու մոտիվներն անհամապատասխան են, եւ ԱՄՆ գլխավոր դատախազը պետք է պատասխան տա իր գործողությունների համար:
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել էր, որ Բերմանը հեռանում է իր պաշտոնից, սակայն ինքը՝ Բերմանը, պնդել էր, որ տեղեկացել էր իրեն աշխատանքից հեռացնելու մասին ԶԼՄ-ներից:
«Ես հրաժարական կտամ, երբ Սենատի կողմից կհաստատվի թեկնածուն, որին նշանակել է նախագահը: Իսկ մինչ այդ, մեր հետաքննությունները կընթանան առանց ուշացումների եւ միջամտությունների»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Բերմանը քննել է գործը, որը կապված է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանի հետ, ինչպես նաեւ բոլոր գործերը՝ կապված այսպես կոչված «ուկրաինական գործի հետ», որը պատճառ էր դարձել ԱՄՆ նախագահի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը մեկնարկելու, որն, ընդ որում, չէր հաջողվել: