Եզակի ծրագրավորման արդյունքում «խելացի ժամացույցը» կդառնա առողջության մոնիթորինգի համակարգ
Կալիֆոռնիայի համալսարանից (UCLA) ինժեներները ստեղծել են բարակ կպչուն թաղանթ, որը կարող է վերածել «խելացի ժամացույցը» առողջության մոնիթորինգի հզոր համակարգի: Վերլուծելով քիմիական նյութերը, որոնք կան մարդու քրտինքի մեջ, համակարգը կտեղեկացնի այն մասին, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում: Այդ տեխնոլոգիայի մասին մանրամասներով նյութը հրապարակված է Science Advances պարբերականում:
Eurek Alert-ի հաղորդմամբ՝ համակարգը հավաքագրում է գլյուկոզայի եւ լակտատի մասին տվյալները, որոնք ցույց են տալիս, թե որքան լավ է գործում նյութափոխանակությունը: Չափվում է նաեւ քոլինը, որը կարեւոր նյութ է նյարդային համակարգի համար:
Թաղանթի ֆերմենտատիվ զգայուն շերտերն ընկալում են այդ եւ մյուս միացությունների առկայությունն անգամ ամենափոքր կոնցենտրացիայում: Այդ թաղանթը մեկանգամյա օգտագործման է եւ երկկողմանի: Դա ամրացնում են «խելացի ժամացույցի» հետնամասին: Մաշկին հպվելով՝ այն հավաքագրում եւ վերլուծում է քրտինքի կաթիլների քիմիական կառուցվածքը: Ժամացույցին ուղղված կողմը վերածում է քիմիական ազդանշանները էլեկտրական ազդանշանների, որոնք հնարավոր է ընթերցել, նշակել եւ այնուհետեւ ցուցադրել «խելացի ժամացույցի» վրա: