Բոլթոնը մեծ գին պետք է վճարի իր հուշերում տեղեկատվություն հրապարակելու համար․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում վրդովմունք է հայտնել ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդականն Ջոն Բոլթոնի հանդեպ, որի հուշերը շուտով կհրատարակվեն։
«Ես վերջապես կհամաձայնեմ չկայացած քաղաքական խորհրդատու Սթիվ Շմիդտի հետ, ով Ջոն Բոլթոնին անվանել էր «արհամարհանքի արժանի մարդ, ով ձախողել է Ամերիկան պաշտպանելու իր պարտականությունը»: Նաեւ հայտարարել է, որ նրան երբեք չպետք է թույլ տրվեր նորից ծառայել կառավարությունում»,- գրել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ պարզ եւ հասկանալի է, որ Ջոն Բոլթոնը, որին ինքը վերադարձրել էր կառավարություն, տալով եւս մեկ հնարավորություն, խախտել է օրենքը՝ մեծ քանակի գաղտնի տեղեկատվություն հրապարակելով։
«Նա պետք է շատ բարձր գին վճարի դրա համար, ինչպես շատերը նրանից առաջ: Դա երբեք այլեւս չպետք է պատահի»,- ընդգծել է նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը թույլատրել էր հրատարակել Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» (The Room Where It Happened) հուշապատումը: