Սպիտակ տունը մտադիր է Ջոն Բոլթոնին զրկել իր հուշապատումի վաճառքից ստացված եկամուտներից
ԱՄՆ կառավարությունը մտադիր է հասնել նրան, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Ջոն Բոլթոնը չկարողանա եկամուտներ ստանալ իր գրքի վաճառքից, որում պետական գաղտնիք ներկայացնող տեղեկություններ կան: Այս մասին ասված է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինենի կողմից շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարությունը մտադիր է անել այնպես, որ նա եկամուտ չստանա՝ փողի ծարավը եւ իր հանդեպ ուշադրությունը ազգային անվտանգության պաշտպանության պարտականությունից վեր դասելու խայտառակ որոշումից»,- աել է նա:
Ընդ որում, նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ դատարանը չի արգելել գրքի հրատարակումը բացառապես այն պատճառով, որ դրա օրինակներն արդեն բաժանվել են, ուստի նման քայլն ուշացած կլինի: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել դատարանի այն խոստովանության վրա, որ Բոլթոնը «հարվածի տակ է դրել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը»:
Թրամփն ավելի վաղ Twitter-ում հայտարարել էր, որ Բոլթոնը պետք է շատ լուրջ պատասխանատվություն կրի հուշեր հրապարակելու համար: Ըստ նրա՝ Բոլթոնը «խախտել է օրենքը՝ հրապարակելով գաղտնի տեղեկատվություն (հսկայական քանակի)»: Սպիտակ տան ղեկավարը, միաժամանակ, դատավորի որոշումը անվանել է «խոշոր հաղթանակ Բոլթոնի հանդեպ», քանի որ դատարանն ընդունել է գաղտնի տվյալների բացահայտման փաստը:
Մայրաքաղաքի Կոլումբիա շրջանի դաշնային դատարանը մերժել է Բոլթոնի հուշերի հրապարակումը արգելելու արդարադատության նախարարության հայցը: Սակայն դատարանը հրաժարվել է վճիռ կայացնել գրքերի առգրավման ու ոչնչացման մասին, քանի որ այն արդեն հայտնվել է մամուլի ձեռքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը թույլատրել էր հրատարակել Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» (The Room Where It Happened) հուշապատումը: