Ես այստեղ եմ, որ լսեմ բոլոր կողմերին և ճիշտ հասկանամ իրավիճակը. ամերիկացի համանախագահը ղարաբաղյան կոնֆլիկտի մասին
«Լրանում է հրադադարի կնքման 20 տարին և ես կարծում եմ, որ կարևոր է խաղաղություն հաստատելու ճանապարհ գտնելը և տարածաշրջանի ծաղկումը»: Այս մասին Բաքվում՝ բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԵԱԿՀ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքը:
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Մինսկի խումբը, նրա համանախագահները, Ադրբեջանը, Հայաստանը և տարածաշրջանի մյուս երկրները միասին աշխատեն և նախաձեռնեն անհրաժեշտ քայլեր ղարաբաղյան հակամարտության հարցում տևական խաղաղության հաստատման համար: Դա կնպաստի տարածաշրջանում զարթոնքին: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանցի լրագրողների այն հարցին, թե նա ընդունո՞ւմ է այն, որ հայերն են օկուպացրել (իբր) ադրբեջանական տարածքները, համանախագահը տվել է չեզոք պատասխան. «Ես այստեղ եմ, որպեսզի լսեմ բոլոր կողմերին էլ և հնարավորինս ճիշտ հասկանամ իրավիճակը: Եվ ես այստեղ անցյալի համար չէ, որ եկել եմ, այլ՝ որ նայենք ապագային ու լուծենք հակամարտությունը»:
Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է ռուս և ֆրանսիացի իր գործընկերների հետ համագործակցությանը: Նա նաև ավելացրել է, որ պատրաստվում է իր «գործողություններն իրականացնել իրատեսության և պրագմատիզմի հիմքով, որպեսզի երկու կողմն էլ կայացնեն խաղաղության հաստատման հարատև որոշում:
Այս կոնֆլիկտը ձգվում է արդեն 20 տարի, շատերն են այս ընթացքում փորձել օգնել դրա լուծմանը: Հուսով եմ` ժամանակն է, որ բոլոր կողմերը գիտակցեն. երկարատև խաղաղության հաստատմանը հասնելը իրենց հետաքրքրության շրջանակներում պիտի լինի»: