ԱՄՆ-ում ցուցարարները պղծել և տապալել են Վաշինգտոնի հուշարձանը
Ռասայական անարդարության եւ ոստիկանների կողմից բռնության դեմ բողոքող ցուցարարներն ամերիկյան Պորթլենդ քաղաքում պղծել, այնուհետեւ տապալել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանը, հաղորդում է CBS News.-ը:
Հունիսի 18-ի երեկոյան մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել հուշարձանի մոտ, նկարազարդել այն գրաֆիտիով՝ մեղադրելով Վաշինգտոնին ռասիզմի մեջ եւ հիշատակել բերման ենթարկելու հետեւանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Արձանի գլուխը փաթաթել էին ամերիկյան դրոշով եւ այրել:
Երբ մթնել էր, ցուցարարների թիվն ավելացել էր, եւ նրանց հաջողվել էր տապալել հուշարձանը, այնուհետեւ վանդալները ցրվել էին:
Ռասիզմի դեմ ցույցերն ամերիկյան քաղաքներում էլ ավելի հաճախ են հանգեցնում հուշարձանների պղծմանն ու ոչնչացմանը: Տապալում են ոչ միայն Կոնֆեդերացիայի գործիչների հուշարձանները, այլ նաեւ, օրինակ, դեպի Ամերիկա ծովային ճանապարհը հայտնաբերած Քրիստափոր Կոլումբոսի արձանը:
ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում են տեղի ունենում բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով: Դրանք սկսվել են Մինեապոսլիսում աֆրոամերիկացի անվտանգության աշխատակից Ջորջ Ֆլոյդի մահից հետո, որը մահացել էր կոշտ բերման ենթարկվելուց հետո: Ոստիկանների կամայականությունների դեմ ցույցեր են տեղի ունենում Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Դենվերում, Նյու Յորքում, Ինդիանապոլիսում, Բոստոնում, Դետրոյթում եւ շատ այլ քաղաքներում: