Թրամփը հայտարարել է, որ «հետաքրքիր բաներ» է լսել այլմոլորակայինների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հետաքրքիր բաներ» է լսել այլմոլորակայինների մասին: Այս մասին նա ասել է իր ավագ որդուն տված «Հոր օրը» թեմատիկ հարցազրույցում, որը կազմակերպվել էր նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում:
Զրույցի ընթացքում խոսվել է Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուելե քաղաքի մասին, որը հայտնի է 1937 թվականի հուլիսին չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ) ենթադրյալ կործանմամբ:
«Նախքան նախագահի պաշտոնը լքելը կպատմե՞ս մեզ՝ կան արդյոք այլմոլորակայիններ: Քանի որ սա միակ բանն է, որը ես իսկապես ուզում եմ իմանալ: Գուցե գաղտնազերծե՞ս Ռոզեւելում տեղի ունեցած դեպքերը, ի՞նչ է այնտեղ իրականում տեղի ունեցել»,- հարցազրույցի ժամանակ հարցրել է Դոնալդ կրտսերը:
Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ասի այն, ինչը գիտեմ դրա մասին, բայց դա շատ հետաքրքիր է»: 1947-ին ռանչոյի տերն անհայտ բեկորներ էր գտել Ռոզուելի մոտակայքում գտնվող իր արոտավայրում: ՌՕՈՒ-ի պաշտոնյաները նշել էին, որ դա կոտրված եղանակային օդապարիկ էր, սակայն թերահավատները ենթադրություն էին հայտնել, որ դա չբացահայտված թռչող օբյեկտ է: Տասնամյակներ անց ԱՄՆ զինված ուժերը խոստովանել էին, որ բեկորները կապված էին բոլորովին գաղտնի միջուկային ծրագրի հետ: Սակայն չբացահայտված թռչող օբյեկտի տեսությունը դեռ ուժի մեջ է:
Նախագահն ավելի վաղ թերահավատորեն էր արտահայտվել այլմոլորակայինների վերաբերյալ: «Մարդիկ ասում են, որ ՉԹՕ-ներ են տեսնում: Արդյո՞ք ես հավատում եմ դրան: Իրականում՝ ոչ»,- ասել էր Թրամփը անցյալ տարի՝ հայտնելով, որ կարճ տեղեկատվություն է ստացել ՉԹՕ-ների վերաբերյալ: