Մահացել է Նիկիտա Խրուշչեւի որդին
84 տարեկանում մահացել է քաղաքագետ Սերգեյ Խրուշչեւը՝ ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչեւի որդին: Այս մասին հայտնել է նրա ընկերը՝ նախկին դիվանագետ Մարկ Գարիսոնը, փոխանցում է «Իզվեստիա» պարբերականը:
Նշվում է, որ Խրուշչեւը մահացել է հունիսի 18-ին ԱՄՆ-ում: «Կներեք, ձեզ հիմա ավելին չեմ կարող ասել՝ սա ողբերգական իրավիճակ է»,- հայտարարել է Գարիսոնը:
Սերգեյ Խրուշչեւը հայտնի է դարձել որպես գիտնական եւ հրապարակախոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր է եւ Սոցիալիստական աշխատանքի հերոս: ԽՍՀՄ-ում զբաղվել է թեւավոր եւ բալիստիկ հրթիռների նախագծերի մշակմամբ, մասնակցել է տիեզերանավերի վայրէջքի համակարգերի ստեղծմանը:
Նա 1991 թվականին հրավիրվել է Բրաունի համալսարան (ԱՄՆ) սառը պատերազմի պատմության վերաբերյալ դասախոսություններ կարդալու, որտեղ էլ հետագայում մնացել է: Ուներ ռուսական եւ ամերիկյան քաղաքացիություն: