Թրամփը քննադատության տարափ է տեղացել Ջոն Բոլթոնի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լայնածավալ հարձակում է սկսել ազգային անվտանգության իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բոլթոնը իր նոր գրքում նախագահին անվանել է «անհետեւողական» եւ «զարմանալիորեն չիրազեկված» ղեկավար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Twitter-ում մի շարք կտրուկ մեկնաբանություններում Թրամփը Բոլթոնի գիրքը անվանել է «ստերի եւ մտացածին պատմությունների ժողովածու», Ընդ որում, ըստ նախագահի, «այդ ամենը նպատակ ուներ ինձ ներկայացնելու ոչ գրավիչ լույսի ներքո»: Ինչպես նշել է Թրամփը, «անհեթեթ հայտարարություններից շատերը, որ նա ինձ է վերագրում, երբեք չեն արվել, պարզապես հորինված է»: Նախագահը Բոլթոնին անվանել է «դժգոհ ձանձրալի հիմար, որը միայն կռվել էր ուզում»: Ըստ Թրամփի, Բոլթոնը «երբեք ոչինչ չէր հասկանում... եւ նրանից բարեհաջող ազատվեցինք»:
Թրամփը նաեւ գրել է, որ 2018-ին, երբ Բոլթոնը Սպիտակ տանը 17 ամիս էր աշխատում, ինչպես նաեւ 2019-ին, եղել են իրավիճակներ, երբ նրան պետք էր անմիջապես հեռացնել պաշտոնից:
Մասնավորապես, նախագահը նշել է, որ, ելույթ ունենալով թոք-շոուի ժամանակ, Բոլթոնը «հիմարաբար» մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի կարծիքը, ինչը բարդացրել է Թրամփի բանակցությունները Կիմ Չեն Ընի հետ:
Սպիտակ տունը Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» 577 էջանոց գիրքն արգելափակելու դատարանի վճիռ է պահանջում՝ պնդելով, որ գիրքը պարունակում է ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկատվություն, չնայած գրքի նախնական օրինակներն արդեն ստացել են ամերիկյան մի շարք լրատվական գործակալություններ, որոնք չորեքշաբթի նյութեր են հրապարակել Բոլթոնի հայտարարությունների վերաբերյալ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին հինգշաբթի գիրքը հրատարակելու Բոլթոնի որոշումը «սարսափելի» եւ «արհամարհանքի արժանի» է անվանել։
Նա ասել է, թե Բոլթոնի այն պնդումը, որ 2019-ի հունիսին G-7 գագաթաժողովի ժամանակ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպին խնդրել է օգնել իրեն վերընտրվել, իրականությանը չի համապատասխանում:
Բոլթոնը, ով իր գրքի համար 2 միլիոն դոլար կանխավճար է ստացել, պնդում է, որ Թրամփը Սիին խնդրել է ԱՄՆ-ից ավելի շատ գյուղմթերք, գնել որպեսզի օգնի Թրամփին հաղթել ընտրություններում գյուղատնտեսական նահանգներում: