Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ «աշխատելու համար պիտանի չէ»․ Բոլթոն
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ «աշխատելու համար պիտանի չէ» եւ «այդ աշխատանքը կատարելու համար կոմպետենտ չէ»։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Իր հուշերում, որոնք հաջորդ շաբաթ լույս կտեսնեն, Բոլթոնը Թրամփին բնությագրում է, որպես «զարմանալիորեն չիրազեկված», հիմնական փաստերը չիմացող մարդու, որին հեշտությամբ կարող են մանիպուլյացիայի ենթարկել օտարերկրյա հակառակորդները։
«Նա այնքան էր կենտրոնացել վերընտրման վրա, որ երկարաժամկետ դատողությունները հետին պլան էին մղվել»,- նշել է Բոլթոնը։ Նրա խոսքերով՝ Թրամփն ավելի կենտրոնացած էր «այդ ֆոտոշարքերի», քան Ամերիկայի ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության նպատակներին հասնելու վրա։ Իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» գրքում նա գրում է․ «Իմ պաշտոնավարման ընթացքում դժվար է գտնել Թրամփի որեւէ կարեւոր որոշում, որը պայմանավորված չի եղել վերընտրվելու հաշվարկներով»:
Թրամփն ինքը Բոլթոնին անվանել է «ստախոս», որին «բոլորը Սպիտակ տանը ատում էին»։