Թուրքիան նախատեսում է ավելի շատ ժամանակավոր ռազմական բազաներ ստեղծել Իրաքի հյուսիսում
Թուրքիան նախատեսում է ավելի շատ ժամանակավոր ռազմական բազաներ ստեղծել Հյուսիսային Իրաքում քուրդ ապստամբների վրա հարձակումներից հետո, Reuters գործակալությանը հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ հայտարարելով, որ այդ ջանքերը «կապահովեն եզրագծի անվտանգությունը»:
Անկարան երկու օպերացիա է նախաձեռնել Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ ի պատասխան իբր, իր իսկ խոսքերով, ավելի հաճախացած քրդական հարձակումներին երկրների միջեւ սահմանի երկայնքով թուրքական բանակի հենակետերի վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրքական զորքերը F-16 ինքնաթիռների, անօդաչու սարքերի եւ գաուբիցների կիրառմամբ հարված են հասցրել ՔԱԿ-ի ավելի քան 500 թիրախներին Հաֆթանինի շրջանում «Վագրի ճանկ» օպերացիայի շրջանակներում:
Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ցանկացել էր անանուն մնալ, ասել է, որ Անկարան օպերացիաները սկսել է Իրաքի իշխանությունների հետ բանակցություններից հետո՝ «սահմանը զինյալներից ազատելու եւ ՔԱԿ-ի ուժերը, երթուղիներն ու նյութատեխնիկական հնարավորությունները թիրախավորելու համար»:
Արաբական Միացյալ Էմիրությունները նախօրեին հայտարարել էին, որ Թուրքիայի եւ Իրանի ռազմական միջամտությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը:
Երեքշաբթի Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը հայտարարել էր, որ իրեն կանչել են Իրաքի արտաքին գործերի նախարարություն թուրքական օպերացիայի կապակցությամբ: Սակայն բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Անկարայի ջանքերը կշարունակվեն: «Օպերացիայի տեւողություն հասկացություն գոյություն չունի. այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի, քանի դեռ չի հասել իր նպատակին»: