Նոր մանրամասներ են հայտնի դարձել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին
Արդեն սկսվել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Դրանք անցկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ: «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ հարցազրույցում փորձարկումների վերաբերյալ մանրամասներ է հայտնել ՊՆ 48-րդ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի պետ, բժշկական ծառայության գնդապետ Սերգեյ Բորիսեւիչը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութը նախ փորձարկել են զգայուն կաթնասունների վրա՝ կապիկների եւ ոսկեգույն համստերների: Մասնագետներն առաջին հերթին պետք է հետազոտեին պատվաստանյութի անվտանգությունը, իմունագենությունը եւ պաշտապանական արդյունավետությունը: Դեղամիջոցի ներարկումից հետո կենդանիները հանգիստ են եղել, եւ հետազոտվող բոլոր պարամետրերը նորմայի մեջ են մնացել՝ վարքագիծը, զանգվածը, ջերմությունը եւ մի շարք այլ ցուցանիշներ:
Պատվաստանյութն իրենից ներկայացնում է ռեկոմբինատ երկփուլանի դեղամիջոց ներմկանային ներարկման համար, որը մշակվել է ստուգված պլատֆորմի օգտագործմամբ, որի վրա արդեն մշակվել են Էբոլայի եւ մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի դեմ պատվաստանյութերը:
«Դրանց օգտագործման փորձը ցույց է տվել բավականին երկարատեւ իմունիտետ՝ մինչեւ մեկ տարի»,- ասել է գնդապետը:
Սպասվում է, որ պատվաստանյութի փորձարկումներն ավարտվելու են 2020 թվականի օգոստոսին, եթե ֆորս-մաժորային իրադրություններ չառաջանան:
Առաջին հերթին հետազոտվում է պատվաստանյութի անվտանգությունը, այդ փուլին սովորաբար մասնակցում են 50-60 կամավորներ: Խմբերից մեկին ներարկում են «դատարկ դեղամիջոց», իսկ մյուսին՝ փորձարկվող պատվաստանյութը, այնուհետեւ արդյունքները համեմատում են:
Երկրորդ փուլում հետազոտում են դեղաչափերի զանազան տարբերակներ եւ պատվաստման սխեմաներ. այս փուլին ներգրավում են շուրջ 200 կամավորի:
Երրորդ փուլին մասնակցում է 240 մարդուց ոչ պակաս, փուլի նպատակն է պատվաստանյութի իմունաբանական արդյունավետության ու անվտանգության հետազոտումը: