Խորհրդարանը պետք է տեղեկացված լինի տեղի ունեցող և սպասվելիք իրադարձությունների մասին. Նաիրա Զոհրաբյան
Հինգերորդ գումարման Ազգային ժողովում այսօր Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ փակ քննարկումից հետո, որին մասնակցում էր Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ընդդիմադիր գործիչներն արտահայտեցին իրենց կարծիքը քննարկման վերաբերյալ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն աաց, որ ինքը մանրամասներին չի անդրադառնա, որովհետև դա փակ քննարկում էր: Միաժամանակ պատգամավորը հույս հայտնեց, որ քննարկումները շարունակական կլինեն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը փակ ռեժիմով քննարկման վերաբերյալ ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մանրամասներ չհայտնել: Սակայն Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը չի հասկանում մի տնտեսական միությունը մյուսով փոխարինելու առավելությունը:
Այնուամենայնիվ, պատգամավորն այն կարծիքին է, որ նախքան որոշում կայացնելը պետք է հարցը քննարկվեր ԱԺ-ում.
«Խորհրդարանը պետք է տեղեկացված լինի տեղի ունեցող և սպասվելիք իրադարձությունների մասին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: