Դատարանը Բուզովայի ու Կուդրիի երգը պլագիատ է ճանաչել. երգչուհին փոխհատուցում կվճարի
Օլգա Բուզովայի եւ Նաստյա Կուդրիի «Нам будет жарко» երգը պլագիատ է ճանաչվել։ Այսպիսի որոշում է կայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարանը։ Հիթի երաժշտությունը, որում որպես հեղինակ նշվում է Նաստյան, պարզվել է ՝ ամբողջությամբ կրկնօրինակված է Սանկտ Պետերբուրգից դիջեյ Ալեքսեյ Պարֆյոնովից։
Արտիստը, որը հանդես է գալիս Dj Tivoli կեղծանվամբ, Բուզովայի եւ Կուդրիի զուգերգում ճանաչել է իր «Tivoli Trap Demo» ստեղծագործությունը եւ այս ամբողջ ընթացքում փորձել է հասնել նրան, որ նրանք վճարեն ըստ օրենքի իրեն հասանելիքը։ Պարֆյոնովը բանակցություններ է վարել Նաստյայի ներկայացուցիչների հետ, եւ սկզբում թվում էր, թե գործն արագ ու խաղաղ կլուծվի։ Սակայն Ալեքսյեն այդպես էլ գումար չի ստացել եւ ստիպված է եղել դիմել դատարան։
Նիստերն այդքան էլ հանգիստ չեն անցել, եւ դիջեյին սկսել են բացահայտ մեղադրել ապացույցները կեղծելու մեջ, իսկ նրա ստեղծագործոթյունն անվանել են «հնչյունների հավաքածու», որը հնարավոր չէ կրկնօրինակել։
Սակայն Պարֆյոնովն անկոտրում է եղել եւ հասել է երաժշտական փորձաքննության անցկացման, ինչից հետո ամեն ինչ իր տեղն է ընկել։ Արդյունքում Մոսկվայի արբիտրաժային դատարանը վերջնական որոշում է կայացրել եւ բավարարել Նաստյա Կուդրիի նկատմամբ երաժիշտի պահանջները։ Երգչուհին «Нам будет жарко» կոմպոզիցիայի երաժշտության իրական հեղինակին 546 840 ռուբլի փոխհատուցում կվճարի, ինչպես նաեւ կփոխհատուցի դատական ծախսերն ու փորձաքննության գումարը, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն։