Թրամփը առաջիկա ընտրություններում հաղթանակի համար օգնություն է խնդրել Ցզինպինից․ Բոլթոն
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նաախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պնդում է, որ Դոնալդ Թրամփը առաջիկա ընտրություններում հաղթանակի համար 2019թ․ հունիսին փակ հանդիպման ժամանակ դիմել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի օգնությանը։
Այս մասին Բոլթոնը գրում է իր հուշերում, որից մի հատված է մեջբերել է WSJ-ը։ «Այնուհետեւ Թրամփը ապշեցուցիչ կերպով խոսակցությունը տարավ դեպի ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունները՝ վկայակոչելով Չինաստանի տնտեսական հնարավորություններն ու աղաչելով Սիին ապահովել իր հաղթանակը»,- գրել է Բոլթոնը։
«Նա ընդգծեց ֆերմերների կարեւորությունը եւ սոյայի ու ցորենի չինական գնումների մեծացումը՝ ընտրությունների արդյունքների համար»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայց էր ներկայացրել Ջոն Բոլթոնի դեմ՝ պահանջելով արգելել նրա գրքի հրատարակումը՝ բացատրելով դա այն հանգամանքով, որ գրքում պարունակվում է գաղտնի տեղեկատվություն, որը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը։
Քաղաքացիական հայցը ներկայացվել է Կոլումբիա շրջանի դաշնային դատարան մեկ օր անց այն բանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բոլթոնը կխախտի օրենքը, եթե գիրքը հրատարակվի։