Թրամփի վարչակազմը քննարկում է Հորդանանին օգնության դադարեցման մասին հարցը
Թրամփի վարչակազմը քննարկում է Հորդանանին օգնության դադարեցման մասին հարցը՝ փորձելով հասնել 2001 թվականին պայթյունի պատճառով Իսրայելում դատապարտված կնոջ արտահանձնմանը, որի ժամանակ զոհվել էր 15 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ 2 քաղաքացի, փոխանցում է AP-ն:
Վարչակազմը հայտարարում է, որ նժարին են «բոլոր տարբերակները», որպեսզի Հորդանանին ստիպեն հանձնել Ահլամ Արեֆ Ահմադ ալ Թամիմիին, ում ԱՄՆ-ն որոնում է ամերիկացի քաղաքացիների դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման նպատակով դավադրության մեղադրանքով: Մեղադրանքն առաջադրվել է 2013 թվականին:
Արտահանձնման հարցը կբարձրացվի, հավանաբար, այս շաբաթ, երբ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը ելույթ ունենա Կոնգրեսի մի քանի կոմիտեներում, որ իր անհամաձայնությունը հայտնի Արեւմտյան ափի մի մասը բռնակցելու Իսրայելի ծրագրերին:
Ալ Թամիմին ներառված է ՀԴԲ-ի «ամենաորոնվող ահաբեկիչների» ցուցակում՝ Երուսաղեմում պիցերիայի վրա ահաբեկչական հարձակման մեջ իր դերակատարման պատճառով: Նա ազատորեն ապրում է Հորդանանում այն ժամանակից ի վեր, երբ Իսրայելը նրան ազատեց 2011 թվականին ՀԱՄԱՍ-ի հետ բանտարկյալների փոխանակման շնորհիվ: Հորդանանի իշխանությունները մերժել են նրան հանձնելու ԱՄՆ հայցերը, չնայած արտահանձնման մասին համաձայնագրին:
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Հորդանանին օգնությունը կարող է օգտագործվել որպես լծակ՝ երկրի իշխանություններին ստիպելու Թամիմիին հանձնել: