Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում և հրդեհվել ու վերածվել մոխրակույտի, կան վիրավորներ (Լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում, այս մասին հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ժամը 04։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ-ում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Դավիթ Զաքարյանի վարած BMW X5 մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սարիբեկ Մուսիկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, և BMW-ում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով Դ. Զաքարյանը, նրա ուղևոր Լ. Հ-ն և Mercedes-ի վարորդ Ս. Մուսիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 և թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են BMW-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ BMW-ի վարորդն ու ուղևորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել վերջիններիս ուղեկցությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։