Bloomberg. ԱՄՆ իշխանությունները նախատեսում են 1 տրլն դոլար հատկացնել ենթակառուցվածքների վերականգնմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս ունի մոտ 1 տրլն դոլար հատկացնել երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալությունը նշում է, որ օգնության փաթեթի մշակմամբ զբաղվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը: Ակնկալվում է, որ միջոցներն առաջին հերթին ուղղվելու են հաղորդակցության ուղիների եւ կամուրջների գործունեության ապահովմանը, ինչպես նաեւ 5-րդ սերնդի 5G շարժական կապի ցանցի եւ երկրի գյուղական շրջաններում լայնագիծ համացանցի ստեղծմանն ու աջակցմանը: Թրամփն ավելի վաղ արտահայտվել էր այդ նպատակով 2 տրլն դոլար հատկացնելու օգտին:
Bloomberg-ի տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները քննարկում էին տարբերակը, որի դեպքում ենթակառուցվածների վերականգնման համար միջոցները ներառվելու էին համավարակի պայմաններում ամերիկյան տնտեսության օգնության հերթական փաթեթի մեջ: Բացառված չէ նաեւ, որ դրանց տրամադրումը նախատեսվելու է առանձին օրինագծով: 2015 թվականին Բարաք Օբամայի նախագահության (2009-2017) ժամանակ ընդունված եւ 5 տարվա ընթացքում ԱՄՆ ենթակառուցվածքների զարգացման նպատակով 305 մլրդ դոլարի հատկացում նախատեսող օրենքի գործողության ժամկետը լրանում է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 16-ին ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել դեմոկրատների առաջարկած տնտեսության խթանման 3 տրլն դոլարի միջոցառումների նոր փաթեթին: Վերին պալատում հանրապետականները հայտարարել էին, որ չեն աջակցի միջոցառումների նոր փաթեթը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս հասկացրել էր, որ օրինագիծը հնարավորություն չունի, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ կարող է աջակցել եւս մեկ օրինագծի՝ ուղղված ամերիկյան տնտեսության խթանմանը: Ինչպես հաղորդվել էր հետագայում, դրա քննարկումը կարող է սկսվել հուլիսին:
Թրամփն ապրիլի 24-ին ստորագրել էր գրեթե 500 մլրդ դոլար ծավալով միջոցառումների հերթական փաթեթի մասին օրինագիծը՝ ուղղված կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հաղթահարմանը: Կոնգրեսն ավելի վաղ հավանություն էր տվել այդ նպատակով 350 մլրդ դոլարի տրամադրմանը, բայց ապրիլի կեսին միջոցները սպառվել էին: Տնտեսությունը խթանող նախորդ՝ ավելի քան 2 տրլն դոլարի միջոցառումների փաթեթը ընդունվել էր մարտի վերջին: Դրանից առաջ օրենսդիրները դաշնային իշխանություններին հատկացրել էին 8,3 մլրդ դոլար համավարակի զսպման համար: