Թուփաք Շակուրն այսօր կդառնար 49 տարեկան (Տեսահոլովակներ)
Այսօր՝ հունիսի 16-ին, ծնվել է աշխարհի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Թուփաք Շակուրը: Նա կդառնար 49 տարեկան: Ամերիկացի ռեփերը հիփ-հոփ երաժշտության պատմության ամենաազդեցիկ դեմքերից էր, որին չնայած կարճ կյանք էր նախատեսված, բայց երաժշտական աշխարհում նա դեռ շարունակում է ապրել ու մնալ արդիական: Թուփաքը գրում էր ռասիզմի, քաղաքականության, աղքատության եւ ոստիկանական ագրեսիայի թեմաներով: Ռեփերի կյանքի ու մահվան պատմությունը հաճախ է ներկայացվել. այսօր անդրադարձել ենք մի քանի հետաքրքիր փաստի՝ նրա գործունեության մասին:
Thug Life խմբի կազմում
1994 թ-ին Թուփաքը հիմնել է Thug Life հիփ-հոփ խումբը: Նրանք համատեղ միայն մեկ ձայնասկավառակ են թողարկել՝ Thug Life-Volume1, որը դարձել է ոսկե: Խմբի հիմնադրումը նշանավորելու համար ռեփերն իր մարմնին, նույնիսկ, դաջել է դրա անվանումը:
Ժամանակին նա ոգեշնչվել է Շեքսպիրից
Միգուցե, ռեփերին այնքան էլ բնորոշ չէ գեղարվեստական գրականություն ընթերցելը, բայց փաստ է, որ Թուփաքը դա անում էր, եւ նրա ամենասիրելի գրողը Ուիլյամ Շեքսպիրն էր: Նա Շեքսպիրին սկսել է ուսումնասիրել Բալթիմորի արվեստի դպրոցում, եւ մի առիթով նշել է. «Ես սիրում եմ Շեքսպիրին: Նա գրել է մեզ հայտնի ամենատպավորիչ պատմությունները: Օրինակ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը. սա, իսկական, գետտո պատմություն է»:
Քաղաքական ազդեցություն ու քննադատություն՝ վարչապետի կողմից
Թուփաքն իր երգերում հաճախ խոսում էր ռասիզմի, ոստիկանական ագրեսիայի, աղքատության ու քաղաքականության մասին: «2pacalypse Now» ալբոմը նրա ամենաքաղաքականացված սկավառակն էր, ինչը փոխեց ռեփերի կարիերայի ընթացքն ու արժանացավ մի շարք քննադատությունների: Նրան մեղադրեցին այն բանում, որ սկավառակն այնպիսի ազդեցություն էր ունեցել Տեխասի երիտասարդների վրա, որ նրանք կրակել են տեղի ոստիկաններից մեկին: ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխնախագահ Դեն Քուեյլը հանրային քննադատություն հնչեցրեց նրա հասցեին՝ նշելով. «Կարիք չկա նման երգեր թողարկել: Դրանք մեր հասարակության մեջ տեղ չունեն»:
Կարիերան կինոյում
Ռեփերը նկարահանվել սկսել է մանուկ հասակից, սակայն իսկական հաջողությունն այս ոլորտում նրան ժպտացել է ամերիկյան «Juice» կրիմինալ դրամայի շնորհիվ, որտեղ Թուփաքը մարմնավորում էր դեռահաս մի տղայի, որը վերածվում է մարդասպան սոցիոպատի: Երկու տարի անց նա նկարահանվել է «Above The Rim» ֆիլմում, որի սաունդթրեքի հեղինակը հենց ինքն էր:
Նրա մահից հետո ավելի շատ երգեր են թողարկվել, քան կենդանության օրոք
Շակուրը թողարկել է ավելի, քան 75 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում, սակայն դրանց մեծամասնությունը վաճառվել է ռեփերի մահից հետո: Նրա 11 պլատինե սկավառակները եւս վաճառվել են հետմահու: