Վաշինգտոնը ԱՄՆ-ում չինական ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումներ է մտցնում
Ամերիկյան կառավարությունը երեքշաբթիից մտցնում է ԱՄՆ-ում չինական ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումներ: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Վաշինգտոնն այս քայլին դիմել է չինական շուկայում ամերիկյան ավիափոխադրողների հասանելիության ներկայիս պայմաններից դժգոհ լինելու պատճառով, որոնք պատճառաբանվում են համավարակով եւ սանիտարա-համաճարակային վերահսկողության պատկերացումներով: Ամերիկյան վարչակազմը սկզբում պատրաստվում էր Չինաստանի ավիաընկերություններին ընդհանրապես արգելել Միացյալ Նահանգներում թռիչքները, սակայն հետո այս որոշումը մեղմացրել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետեւ չինական ավիափոխադրողներին թույլատրված է ընդհանուր առմամբ իրականացնել շաբաթական երկու կոմերցիան ուղեւորատար չվերթ: ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը ընդգծել էր, որ դա «համապատասխանում է [չվերթների թվին], որը Չինաստանի իշխանությունները թույլ են տալիս իրականացնել ամերիկյան ավիաընկերություններին»: Տրանսպորտի նախարարության որոշումն ուժի մեջ էր մտել հունիսի 5-ին հրապարակելուց անմիջապես հետո:
Մինչդեռ, դրանից ընդամենը մեկ օր առաջ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը նախազգուշացրել էր հունիսի 16-ից երկու երկրների միջեւ չինական ընկերությունների կողմից իրականացվող բոլոր կոմերցիոն ուղեւորատար փոխադրումներն արգելափակելու մտադրության մասին: Ենթադրվում էր, որ այս միջոցառումները տարածվելու են 7 ավիաընկերությունների վրա, ներառյալ՝ Air China-ն, China Eastern Airlines-ը, China Southern Airlines-ը եւ Hainan Airlines-ը: Տրանսպորտի նախարարությունը հստակեցրել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է իր որոշումը վերանայել, եթե Չինաստանի իշխանությունները «շտկեն իրենց գործողությունները»՝ ամերիկյան ավիափոխադրողների համար իրավիճակը բարելավելու համար:
Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ իրենք ցանկանում էին արգելք կիրառել, քանի որ Չինաստանի կառավարությունն «ամերիկյան ավիափոխադրողներին թույլտվություն չէր տրամադրել լիովին օգտագործել կանոնավոր ուղեւորային թռիչքներ իրագործելու երկկողմանի իրավունքը»: Ամերիկյան կողմն իր հետագա որոշումները բացատրել էր «կանոնավոր ուղեւորափոխադրումների շուկայում ամերիկյան եւ չինական ավիափոխադրողների միջեւ մրցակցային հավասարակշռությունը, արդար եւ հավասար հնարավորությունները վերականգնելու ցանկությամբ»:
Ըստ ամերիկյան մամուլի՝ գործնականում վաշինգտոնյան վարչակազմի կողմից ընդունված որոշումները նշանակում են, որ չինական ընկերությունների կողմից դեպի Միացյալ Նահանգներ իրականացվող թռիչքների քանակը կկրճատվի մոտ կեսով: Ըստ նույն տեղեկությունների՝ թռչել Միացյալ Նահանգներ այժմ հնարավորություն կունենան չինական երկու ընկերություններ: Մինչ օրս դրանք չորսն էին:
Միացյալ Նահանգներում գործող ոչ կառավարական փորձագետներից ոմանք կարծում են, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առկա տարաձայնությունները փաստացի հանգեցրել են վերադարձին այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչեւ երկու կողմերի՝ քաղաքացիական թռիչքների մասին համաձայնագրի կնքումը 1980 թվականի սեպտեմբերի 17-ին: