Լիբանանում թուրքական կազմակերպությունների հակահայկական ցույցերը փոխադրվել են սոցցանցեր․ Կանդահարյան
Թուրքական կազմակերպությունների հակահայկական ցույցերը ընդամենը մի քանի ժամ են տեւել, սակայն այժմ սոցցանցերում դիտարկվում է տեղեկատվական գրոհ, որը ուղեկցվում է հակահայկական հայտարարություններով։ Այս մասին հունիսի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։
Նրա խոսքերով՝ ընթանում է նախապատրաստված աշխատանք՝ ուղղված փաստաբանների խմբի ձեւավորմանը, որոնք դատական հայց կներկայացնեն։
«Սպասվում է, որ վաղը կլինի համապատասխան հայտարարություն։ Համայնքի հանդեպ որեւէ սպառնալիք չկա։ Երկրի քաղաքական ուժերը արդեն հանդես են եկել դատապարտմամբ՝ կապված հանրության մեջ կրոնական սկզբունքով պառակտում մտցնելու փորձերի հետ»,- նշեց նա։
Շահան Կանդահարյանը պարզաբանեց, որ այս ամենն անում են այն կազմակերպությունները, որոնք անթաքույց կերպով սպասարկում են Անկարայի շահերը։
«Բնականաբար, նրանք բոլորը նախնական պատրաստություն են անցել Թուրքիայի կողմից, որը ձեւավորել է որոշակի բազա՝ կրթության եւ տնտեսության ոլորտում իր ազդեցության ընդլայնման եւ բնակչության մի մասին թուրքական քաղաքացիություն շնորհելու միջոցով։ Այս ամենի դրդապատճառը Օսմանյան կայսրության մասին կարգախոսների ներքո տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու Անկարայի աշխարհաքաղաքական նպատակներն են։ Նույնիսկ սոցցանցերում վիրավորանքները այժմ ուղեկցվում են այնպիսի արտահայտություններով, որ հայերն իբր Օսմանյան կայսրության դավաճաններ են եղել»,- հավելեց նա։
Գլխավոր խմբագիրն ընդգծեց, որ այս իրադարձություններն իրենց արձագանքն են գտել նաեւ Եգիպտոսում եւ Սիրիայում, քանի որ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացումը ոչ մեկի մոտ լավատեսություն չի առաջացնում։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Բեյրութում հակահայկական ցույցերի մասին, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ հեռուստահաղորդման ժամանակ, որի հաղորդավարը հայ է եղել, քննադատություն է հնչել Անկարայի ագրեսիվ արտաքին քաղաքականության հանդեպ։
Բողոքի ցույցերը սկսվել են հաղորդավարի հասցեին հանդիսատեսի կողմից վիրավորական արտահայտություններից հետո։