Գեներալ Մանվելի և Խորհրդարանում իր «սիամական զույգի»' Սեդրակ Սարոյանի առողջական վիճակը լավ չէ
Երեկ՝ ՀՀ ԱԺ առաջին նիստին, բացակայում էին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, որոնք սովորաբար ԱԺ դահլիճ են մտնում շքախմբով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ինչպես հայտնի է, Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ամռանը 2 անգամ վիրահատվել է Ֆրանսիայում: Երկրորդ վիրահատությունից հետո, որը շաբաթներ առաջ է եղել, բժիշկները գեներալին խորհուրդ են տվել պառկած մնալ, բայց նա, անտեսելով բժիշկների պահանջը, ժամանակից շուտ դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի գա Հայաստան և գլխավորի ԵԿՄ-ականների ամենամյա ավանդական ուխտագնացությունն Արցախ: Հենց ճանապարհին էլ՝ ինքնաթիռում, նրա ինքնազգացողությունը կրկին վատացել է, և Հայաստան ժամանելուն պես տեղափոխել են հիվանդանոց: Չնայած այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից, բայց, ըստ ամենայնի, չի մասնակցի այս քառօրյային: Խորհրդարանում Գրիգորյանի «սիամական զույգի»' Սեդրակ Սարոյանի առողջական վիճակը նույնպես լավ չէ: Նա այժմ Գերմանիայում է և ոտքի նյարդերի լուրջ խնդիրներ ունի:
Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը: