Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ
Արցախի Հանրապետություն մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել՝ եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեսթի կամ արագ թեսթի պատասխանները: Այս մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
Արդեն տեղադրված են տերմինալները, որով հնարավոր է կատարել դրամական փոխանցում՝ 7000 դրամ, հատուկ հաշվեհամարին, որից հետո թեսթավորվել:
ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններ` «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները վերահսկելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօրվանից Արցախի Հանրապետություն կարող են մուտք գործել պարետի թույլտվություն ունեցող և թեստավորված քաղաքացիները: