Իրանի ԱԳՆ-ը սպառնացել է ԱԷՄԳ-ի ոչ կառուցողական որոշումների դեպքում պատասխան գործողություններ ձեռնարկել
Իրանի ԱԳՆ-ը սպառնացել է երկրի նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ոչ կառուցողական որոշումների դեպքում պատասխան գործողություններ ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ԱԷՄԳ-ը ոչ կառուցողական գործողություններ ձեռնարկի Իրանի նկատմամբ, ապա կա հավանականություն, որ Թեհրանը դրան կարձագանքի»,-ասել է նա: Նա նշել է, որ գործակալությունը քաղաքականապես մոտիվացված հայտարարություններ է անում:
Նա հավելել է, որ Թեհրանի եւ ԱԷՄԳ-ի համագործակցությունը շարունակվում է նույնիսկ Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակումիր պարտավորությունների կրճատումից հետո:
Հունիսի 5-ին արեւմտյան տեղեկատվական գործակալությունները տարածել էին ԱԷՄԳ-ի զեկույցն Իրանում միջուկային ստուգումների դրույթների մասին։ Ըստ France Presse գործակալության հաղորդագրության՝ Իրանում հարստացված ուրանի պաշարները շուրջ 8 անգամ գերազանցել են սահմանաշեմը, որը թույլատրված է 2015 թվականին կնքած միջուկային գործարքով։ Reuters-ը նշում է, որ զեկույցում կան Իրանին ուղղված կոչեր ԱԷՄԳ-ի հետ անհապաղ լիարժեք համագործակցություն սկսելու մասին, ներառյալ նշված օբյեկտները հասանելի դարձնելը: